Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Միջմշակութային երկխոսության շաբաթ» ծրագիր

86

ՀՀ ԿԳՄՍՆ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ֆինանսավորմամբ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրեց «Միջմշակութային երկխոսության շաբաթ» ծրագիր։

Ծրագրի նպատակներն ու խնդիրներն էին՝ Շիրակի, Ջավախքի, Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած պատանիների համախմբում, բարեկամական կապերի ամրապնդման աջակցում, տարածաշրջանային կրթամշակութային երկխոսության ձևավորում։ Արցախից բռնի տեղահանված պատանիների բարոյահոգեբանական արգելքների հաղթահարում, պատանիների միջև միասնական կամուրջի ստեղծում, ակնկալիքներ ապագայի հանդեպ, պատմամշակութային ժառանգության արժեքների բացահայտում, պահպանում և կարևորում, ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորման նպաստում, Հայաստանում Արցախից բռնի տեղահանված, Ջավախքի, Շիրակի մարզի դեռահասների ներառում կրթամշակութային ծրագրերում։ Թիմային և կազմակերպչական աշխատանքներում պատանիների ընդգրկում, գեղագիտական ճաշակի, քաղաքացիական գիտակցության բարձրացում, կիրառական արվեստի ճյուղերի նկատմամբ հետաքրքրության սերմանում, հաղորդակցում հայաստանյան պատմամշակութային հարուստ ժառանգությանը և բարոկկո երաժշտության կատարողական արվեստին:

«Միջմշակութային երկխոսության շաբաթ» ծրագիրն իր շուրջն համախմբեց «Ընտանիք» կենտրոնի, Արցախից բռնի տեղահանված և Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատությունների ավելի քան 110 մանկավարժների և պատանիների։

7-օրյա ծրագրի շրջանակում կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ.

Սեմինարներ` «Մշակույթն առանց սահմանների» թեմայի շուրջ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արկադի Ակոբովը ծրագրի մասնակից մանկավարժների և պատանիների հետ խոսեց տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններից դուրս ազգային մշակույթի պահպանման կարևոր անելիքների մասին։

«Լուսավոր կանթեղ» խորագրով թեմայի շուրջ մասնակիցները ծանոթացան մանրանկարչության ոճային առանձնահատկություններին։ Դեռևս 405թ․ դպրության զարգացմանը զուգահեռ հայկական մանրանկարչության կայացման ուղու մասին հետաքրքիր տեղեկություններ լսելուց հետո, պատանիները մանրանկարչական աշխատանքներ կատարեցին։

«Քայլ դեպի պատմամշակութային ժառանգության ակունքներ», «Բանահավաքության առանցքային նշանակությունը հայ երաժշտարվեստի զարգացման գործում», «Հայ երգը դարերից»ծրագրի մասնակիցներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց հայ հոգևոր, ժողովրդական երգարվեստի հիմնասյուն՝ Կոմիտասի ստեղծագործական աշխարհը, կատարողական արվեստի գոհարները։

«Բարոկկո երաժշտության առանձնահատկությունները»՝ հարմունիումի նվագակցությամբ, համատեղ ստեղծագործական կատարումների ունկնդրությամբ սաներն հաղորդակից դարձան բարոկկո երաժշտությանը։

Դասընթացներ՝ «Առաջին բուժօգնություն, արտակարգ իրավիճակներում արձագանքման առաջնային քայլեր» թեմայի շուրջ մասնագետները ներկայացրին տուժածներին ցուցաբերվող առաջին բուժօգնության անելիքները՝ արյունահոսության, կոտրվածքների և այլ դեպքերում՝ ձեռքի տակ ունեցած միջոցներով: Դեռահասները գործնականում ևս ծանոթացան գործողությունների ճիշտ հերթականության կազմակերպմանը։

«Ներկայանալու հմտություններ» թեմայի շուրջ բանախոսները խոսեցին հաստատություններում, և ընդհանրապես ներկայանալու ճիշտ, գրագետ մոտեցումների մասին։ Դեռահասները բարձրացրին հարցեր, որոնք պարզաբանեցին սեմինարի բանախոսները։

«Խոսքաշեն Շիրակ-Արցախ-Ջավախք»՝ մշակույթների երկխոսություն, ժողովրդական մանրապատումներ ներկայացրեց՝ ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան Հովհաննես Հովհաննիսյանը, հարցուպատասխանի միջոցով միասին բացահայտեցին թատերական արվեստի գաղտնիքները։

Ազգային երգ ու պարի, արհեստի ու արվեստի ճյուղերի վարպետաց դասեր` դեռահասները մեծ ոգևորությամբ մասնակցեցին կենտրոնի խմբակների դասերին։ Մանկավարժները արհեստի ու արվեստի ճյուղերի նրբություններն ու կիրառման տեխնիկան ներկայացրին, խոսեցին մշակութային արժեքների պահպանության կարևորութան մասին:

Ճանաչողական այցեր կազմակերպվեցին՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարաններ։ Սբ․ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացրին երկրում խաղաղության հաստատման և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած նահատակ հերոսների հիշատակին։ Խաչքարերի պուրակում, Սև բերդ ամրոցում պատանիները ծանոթացան պատմաճարտարապետական ինքատիպ քաղաքի մշակութային ժառանգությանը։ Դարբնագործության, քանդակագործության և «Վառեմ-Մարեմ» արհեստանոցներում հանդիպեցին հմուտ վարպետների հետ։

Սպորտային և ուսուցողական խաղերի միջոցով՝ պատանիները ցուցադրեցին իրենց մարզական կարողությունները, ֆիզիկական պատրաստվածությունը, ինտելեկտուալ խաղ-մրցույյթների միջոցով մարզեցին նաև միտքը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ: Ստեղծվեց միջմշակութային երկխոսություն, ինչի արդյունքում մասնակիցները պատկերացում կազմեցին տարածաշրջանների մասին:

Միջմշակութային փառատոն, ֆլեշմոբ Հառիճավանքում և Մարմաշենի վանական համալիրում՝ Պահլավունի տոհմի կառուցած Մարմաշենի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոններից է։ 10-11-րդ դարի եկեղեցում միասնական աղոթք բարձրացնելուց հետո, պատանիները մասնակցեցին հոգևոր-մշակութային փառատոնի, նկարչական ֆլեշմոբի։ «Հայ երգը դարերից» կոմիտասյան ասիկների ստեղծման տարեգրության, դրանք երաժշտարվեստում մշակումների ենթարկման և տարածման մասին խոսեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյան։ Վանական համալիրում պատանիները կատարեցին նաև կոմիտասյան ստեղծագործություններից։

Ծրագրի եզրափակում՝ «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագիրն ամփոփվեց «Ընտանիք» կենտրոնում՝ Արցախ-Ջավախք-Շիրակ գեղարվեստական համատեղ ելույթներով։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի առաջին տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանն ամփոփ ներկայացրեց հագեցած ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներն ու խոսեց դրանց առանձքային նշանակության մասին։ Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ նախաձեռնությունների խիստ կարևորությունն ու պատանիներին նորանոր նվաճումներ մաղթել: Արաքսիա Սվաջյանն անձամբ հանձնեց նաև կենտրոնի մանրանկարչության խմբակի սան Հայկ Սարգսյանի՝ Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցկացված «Եկեք նկարենք այն, ինչ ցանկանում ենք» խորագրով մրցույթին նվաճած Գրան Պրի մրցանակը։ Վերջինս շրջել է նաև կենտրոնի արհեստի և արվեստի ճյուղերի խմբասենյակներով, ծանոթացել գործունեությանը։ Շնորհակալագրերով և պատվոգրերով պարգևատրվեցին ծրագրի մասնակից մանկավարաժներն ու պատանիները։

Ծրագրի արդյունքում ամրապնդվեց միջմարզային, Հայաստանում ապաստանած արցախցի, ջավախքցի հայրենակիցների միջև համագործակցությունը, համախմբավծությունը, բարեկամական կապերը։ Ծրագրի մասնակիցներն իրենց տպավորություններն ու ցանկություններն արտահայտեցին հարցաթերթիկների միջոցով, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ծրագրի շրջանակում ձեռք բերած ընկերների, գիտելիքների հզոր պաշարի, ուսուցողական, անմոռանալի ու տպավորիչ օրերի համար:

Ծրագրի իրականացմանն իր անմիջական ներդրումն ու աջակցությունն ունեցավ կենտրոնի հետ մշտապես համագործակցող «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը։


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ