Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում» միջոցառումների շարք ծրագրի ամփոփում

136

«Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում»․ ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հերթական ծրագիրն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍՆ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ֆինանսավորմամբ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Ծրագրի նպատակներն ու խնդիրներն էին՝

  • ստեղծագործական աշխատանքների միջոցով ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, բարձրացնել հետաքրքրությունը քաղաքին բնորոշ արհեստի ու արվեստի ճյուղերի հանդեպ,
  • նպաստել Գյումրու մշակութային կյանքի աշխուժացմանը, հայրենասիրական ոգով դաստիարակված անձի և մշակութահեն հասարակության ձևավորմանը, դեռահասների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը,
  • իրականացնել շնորհալի պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և դրա լիարժեք օգտագործման ապահովում,
  • կարևորել արտադպրոցական կրթության դերը գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության, ազգային արժեքների պահպանման և տարածման գործում։

«Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում» միջոցառումների շարքն անցկացվեց երեք փուլով։ Հայտարարվեց «Մենք ենք մեր քաղաքը» խորագրով ստեղծագործական աշխատանքների հանրապետական մրցույթ։ Կենտրոնի խմբակների, ինչպես նաև Արցախից տեղահանված սաներն այցելեցին «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը», Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան՝ ծանոթացան ազգային, քաղաքային կենցաղի պատմական հարուստ ժառանգությանը: Թանգարաններում պատանիները մասնակցեցին նաև «Հին արհեստների քաղաք», Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի ժամանակաշրջանների ցուցադրված նմուշների կարևորության, առանձնահատկությունների մասին սեմինարների:

Քաղաքի ճարտարապետական դիմագծի, պատմամշակութային հարուստ ժառանգության մասին «Ընտանիք» կենտրոնում սեմինար վարեց «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր, ճարտարապետ Աշոտ Միրզոյանը։ Վերջինս տեսասահիկի միջոցով ներկայացրեց պատմական քաղաքի բազմադարյա պատմությունը, խոսեց չորս անունների քաղաքի վերաանվանումների փուլային ժամանակագրության ընթացքում պահպանված ճարտարապետական դիմագծի ու նիստուկացի մասին։

Գյումրին բոլոր ժամանակներում եղել է արվեստի ոգեշնչության օրրան, այստեղ են իրենց գլուխգործոցները կերտել մեծանուն դեմքերը: Արհեստի և արվեստի ավանդույթները Գյումրիում փոխանցվում են սերնդե սերունդ, և այսօր քիչ քանակությամբ, բայց գործում են հմուտ արհեստավորներ, շարունակելով իրենց ապուպապերի ստեղծագործական ուղին։ Ընտանիք կենտրոնի սաները ծրագրի շրջանակում հանդիպումներ ունեցան գյումրեցի հայտնի արհեստավորների հետ իրենց արհեստանոցներում, դարբնագործ՝ Գագիկ Մարտիրոսյանի, Գյումրու կերամիկայի դպրոց-արվեստանոցում պատանիները ծանոթացան հայկական ավանդական դարբնագործության, կերամիկայի առանձնահատկություններին, գյումրվա զարդանախշերի ինքնատիպությանը։ Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր: Հայտնի «Վառեմ-մարեմի բալկոն»-ի տարածքում գործում է նույնանուն՝ «Վառեմ-մարեմ արհեստանոց ART ստուդիոն»։ Արվեստանոցի համահիմնադիր Միքայել Վարդպարոնյանը կենտրոնի սաներին ներկայացրեց հայտնի արհեստանոց հիմնելու և ազգային արվեստով զբաղվելու, այն տարածելու մասին։

«Ընտանիք» կենտրոնում «Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ գյումրվա տարազների մոդելների, զարդերի և կիրառական արվեստի նմուշների ցուցադրում, կիրառական արվեստի աշխատանքների ցուցադրությունից հետո դեռահասները դիտեցին համակարգչային խմբակների սաների պատրաստած «Կինոյի, թատրոնի քաղաք Գյումրի» խորագրով տեսասահիկ, որտեղ ներկայացված էր արհեստի և արվեստի քաղաքի բազմադարյա պատմությունը։

«Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում» ծրագրի շրջանակում թատերական խմբակի սաները բեմադրել էին «Խոսքաշեն Գյումրի» բեմականացում։ Պատանիները մարմնավորում էին գյումրեցի հայտնի դերասաններին, խաղալով նրանց հումորային դրվագներից հատվածներ։ Գյումրեցի նշանավոր վարպետների մասնակցությամբ անցկացվեց շախմատի միաժամանակյա խաղ։ Ամփոփվեց «Մենք ենք մեր քաղաքը» ստեղծագործական մրցույթը, մասնագիտական հանձնաժողովի գնահատած արդյունքներով՝ ընտրվել են գեղանկարչական՝ 12, իսկ դեկորատիվ կիրառական արվեստի 10-ը լավագույն աշխատանքներ։

Մրցույթին մասնակցել էին նաև Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի «Կարապետ Արքեպիսկոպոս Բագրատունի», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի, Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երիտասարդական ակտիվ խումբ» ՀԿ-ի սաները։

Գյումրու քաղաքի օրվան նվիրված կիրառական արվեստի խմբակների սաները Սբ․ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում, ինչպես նաև Մարմաշեն վանական համալիրում ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործական մրցույթին ներկայացված լավագույն նկարաչական գործերը։ Ծրագրի շնորհիվ մասնակից սաները հնարավորություն ունեցան հանրայնացնելու արտադպրոցական կրթությամբ ձեռք բերած մասնագիտական գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչը նպաստեց նաև մասնագիտական կողմնորոշմանը։

«Մենք ենք մեր քաղաքը, Գյումրու մշակութային օրերը Ջավախքում» ծրագիրն անցկացվեց Ջավախք աշխարհի Ախալցխայի, Ախալքալաքի, «Ռաֆայել –Ջավախք» երիտասարդական կրթամշակութային կենտրոններում։ «Ընտանիք» ՄՊՍ և Ջավախքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնների միջև համագործակցության շղթան, տարիների գործընկերությունը վերածվել է մտերմության ու ընտանեկան ջերմ միջավայրի, որտեղ կենտրոնի սաներն ու մանկավարժները ջանք ու եռանդ չխնայեցին ներդնելու իրենց կարողություններն ու կիսվել հմտություններով: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ևս ոգևորված մասնակցեցին վարպետաց դասերին, փորձեցին իրենք ևս փորձի փոխանակման միջոցով հմտանալ արվեստի ճյուղերում։ «Մենք ենք մեր քաղաքը» խորագրով ստեղծագործական մրցույթին լավագույն աշխատանք ներկայացնելու համար մասնակից ջավախքցի սաները պարգևատրվեցին պատվոգրերով։

Եռօրյա այցը մշակութային երկխոսություն էր նաև ջավախահայ սաների համար: Կրթամշակութային ծրագրերով հագեցած այցն ամփոփվեց Կարծախ գյուղում՝ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։ Կենտրոնի երաժշտարվեստի խմբակների սաները հանդես եկան գեղարվեստական ելույթներով։


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ