Հանրակրթությունից դուրս մնացած 7 – 8 տարեկաններին ուսումնական գործընթացում իրենց հասակակիցների հետ ընդգրկելու, նրանց հարմարումը դպրոցին և ուսումնական բացթողումները լրացնելու համար ապահովվում են հետևյալ հիմնական քայլերը.
Ընդունում և գնահատում: Դպրոցն ընդունում է երեխային և անմիջապես կազմակերպում նրա գիտելիքների, հմտությունների և սոցիալական պատրաստվածության գնահատում։ Գնահատումն իրականացվում է նախորդ դասարանի վերջնարդյունքների հիման վրա։
Ուսումնական նյութերի տրամադրում: Երեխաներին տրվում են նաև նախորդ դասարանի դասագրքերը և նյութերը՝ բաց թողած հիմնական գիտելիքները լրացնելու համար։
Երկարօրյա խմբերի կազմակերպում: Սկսած երկրորդ շաբաթից՝ ձևավորվում են երկարօրյա խմբեր։ Խմբերում ընդգրկվում են ինչպես 7 – 8 տարեկան առաջին անգամ դպրոց եկող երեխաները, այնպես էլ այն սովորողները, որոնք արդեն հաճախել են 1-ին դասարան, բայց չեն յուրացրել ծրագիրը։
Հոգեբանական և հաղորդակցական աջակցություն: Դպրոցի հոգեբանը պարտադիր աշխատանք է իրականացնում ինչպես նորեկ երեխաների, այնպես էլ ամբողջ դասարանի հետ՝ օգնելով նոր միջավայրին երեխաների հարմարմանը, կարգավորելու հաղորդակցական և սոցիալական հարաբերությունները խմբում:
Անհատական զարգացման ծրագրեր (ԱԶԾ): Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական զարգացման ծրագիր։ Ծրագիրը հստակեցվում է ըստ կիսամյակների՝ նշելով կոնկրետ նպատակներ և առաջընթացի չափանիշներ։
Ուսումնական ծրագրի ճկուն համադրում: Առանձնացվում են նախորդ դասարանի ծրագրային այն թեմաները, որոնք կարելի է համատեղ ուսումնասիրել ավելի ուշ խմբերին միացած սովորողների հետ։ Այդ երեխաները դասերի ընթացքում ունենում են կոնկրետ և իրատեսական անելիքներ՝ յուրացնելով նախորդ տարվա բովանդակության կարևոր նյութը և ընթացիկ տարվա ուսումնական բովանդակությունը՝ ինտենսիվ, բայց փոքր չափաբաժիններով և արդյունավետ մեթոդների ու միջոցների կիրառմամբ։