narayana | Նարինե Մկրտումյան

Նարինե Սերյոժայի Մկրտումյանը ծնվել է 1975 թ. մարտի 30-ին, ք. Երևանում: 1991-1996 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Մասնագիտությամբ բանասեր է, լեզվաբան: Աշխատել է դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև զբաղվել է լրագրողական գործունեությամբ` աշխատակցելով մի շարք թերթերի: 2008 թվականին լույս է տեսել Ն. Մկրտումյանի անդրանիկ գիրքը` «Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր ենք, ո՞ւր ենք գնում» խոհափիլիսոփայական երկը: «Ամեն մի գիտության բանալին հարցական նշանն է»,- ասել է Բալզակը: Գրքի վերնագիրը պատահական չէ ընտրված, քանզի դեպի աստվածային գիտությունը տանող կատարելության ուղին սկսվում է հենց այս հիմնահարցերի ուսումնասիրությունից, հարցեր, որոնց պատասխանները փնտրելով ու գտնելով` մարդն ի վերջո հանգում է հավերժության գաղափարին, հասնում է ինքնաճանաչման և Աստծո ճանաչման, ձեռք է բերում տիեզերական մտածողություն, գերգիտակցական մակարդակ: Հեղինակը, հիմնվելով աշխարհի հնագույն կրոնների և հեղինակավոր սուրբ գրքերի վրա, արտահայտել է իր իմաստասիրական խոհերը կյանքի ու մահվան, հոգու և մարմնի, հավիտենականի և անցողիկի, մեղքի, ճակատագրի, կամքի ազատության, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Սակայն լոկ այսքանը թերևս բավարար չէր տարիների ընթացքում պրպտուն հոգում ամբարված խոհածին խորհրդածություններն ընթերցասերների հետ կիսելու համար: Դրանք վերստին պետք է տային իրենց հասուն պտուղները, այս անգամ արդեն չափածո ստեղծագործությունների` քառյակների տեսքով… 2009-2010 թթ. համահեղինակային հրատարակությամբ լույս է տեսել «Բնության դեղատուն» քառահատոր մատենաշարը, որում տեղ են գտել տարբեր ժողովուրդների բժշկարանների կողմից առաջարկվող լավագույն դեղատոմսերը, «Գիտունի՞կ ես, թե՞ անգետիկ» ժամանցային խաղագիրքը միջին տարիքի դպրոցականների համար, «Առակներ և լեգենդներ» եռհատորյակը, որտեղ զետեղված են եզոպոսյան առակների` հեղինակի կողմից մշակված ու չափածո դարձված տարբերակները: Առակներում պարսավանքի են ենթարկվել մարդկային արատները` հպարտությունը, մեծամտությունը, սնապարծությունը, ագահությունը, երախտամոռությունը, խորամանկությունը, տգիտությունը, կեղծավորությունը, նախանձը… 2012 թվականից ընթերցասերներին են ներկայացվել վերոհիշյալ տպագիր գրքերի էլեկտրոնային 3D ձևաչափերը, ինչպես նաև` հետաքրքրաշարժ ուսուցողական հանելուկները: Նույն թվականին յոթ բեղմնավոր օրերի ընթացքում, ասես մեկ շնչով, ծնունդ են առել հեղինակի խոհախրատական քառյակները` բանաստեղծական արվեստի յուրօրինակ փոքրիկ քերթվածքները: Թեև դրանցում տարբեր թեմաներ են շոշափվում, այնուամենայնիվ բոլորն էլ անտեսանելի ներքին թելերով շաղկապված են, միահյուսված այնպես, ինչպես ծաղկաշղթայի ամեն մի ծաղիկը` յուրաքանչյուրն իրեն բնորոշ բույրով ու թույրով: Քառյակներում հեղինակը կրկին անդրադարձել է համամարդկային ու համատիեզերական կարևորագույն գաղափարների, որոնք իրենց ընդգրկունությամբ և մշտնջենականությամբ հատում են ժամանակի ու տարածության անծիր օվկիանոսը` ներթափանցելով վերերկրային խորախորհուրդ առեղծվածների մեջ: Պատահական չէ, որ հեղինակը գիրքը ձոնել է Բարձրյալին` գրելով. «ՍՈՒՅՆ ՔԵՐԹՎԱԾՔՆԵՐԸ` ԳԵՐՀՈԳՈՒՑ ԲԽԱԾ ԽՈՀՈՒՆ ԳԱՆՁԵՐԸ, ԱՄԵՆԱՅՆ ՍԻՐՈՎ ՈՒ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ ՁՈՆՈՒՄ ԵՄ ՄԵԾՆ ԱՐԱՐՉԱՊԵՏԻՆ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԵՐՀՈՒՆ ՎԱՐՊԵՏԻՆ»: 2013 թ. էլեկտրոնային գրքերի այս շարքը համալրել է «Հելլենական լեգենդներ» ժողովածուն, որտեղ մեկտեղված են անտիկ դիցաբանության լավագույն նմուշներից յոթը` կերպարանափոխությունը պատկերող հատընտիր զրույցներ, որոնց շնորհիվ ընթերցողը մտովին կտեղափոխվի գեղատեսիլ Հելլադա` օլիմպոսյան աստվածների և քաջարի դյուցազունների հայրենիք, ներկա կլինի հերոսների հաղթանակներին ու պարտություններին, նրանց հետ ակամա կհուզվի ու կտխրի, կոգևորվի ու կհրճվի: Լեգենդների կերպարներն են դափնեծառ դարձած հավերժահարս Դափնեն, ինքնասիրահարված Նարցիսը, մահացող և վերստին հարություն առնող Ադոնիսը, եղջերուի կերպարանք առած Ակտեոնը, սարդ-աղջիկը` Արաքնեն, եղեգի վերափոխված Սիրինգսը, հելիոսորդին` անխոհեմ Ֆաետոնը: Իսկ նրանց կողքին մեկ առ մեկ կերպավորվում են վեհանձնական, փառահեղ, հուժկու, բայց միևնույն ժամանակ` երկրավորին բնորոշ թուլություններով, երբեմն էլ` փոթորկահույզ զգացմունքներով լի հելլենական դիքերն ու դիցուհիները` շանթառաք Զևս-Դիոսը, կորովաձիգ որսորդուհի Արտեմիսը, ոսկեթևիկ Էրոսը, արծաթաղեղ Ապոլլոնը, կառափնածին դիցուհին` ռազմաշունչ ու խոհուն Աթենաս-Պալլասը, սրնգահար այծոտն Պանը, որդեկորույս հուր-Հելիոսը և, իհարկե, միշտ դեռատի, գեղեցկանազ Աֆրոդիտեն` ոսկեգիսակ կիպրուհին… 2014 թ. թողարկվել է հեղինակի բոլոր չափածո ստեղծագործությունները ներառող «Երկերի» էլեկտրոնային տարբերակը: 2015 թ. Ն. Մկրտումյանի բոլոր ստեղծագործությունները 3D էլեկտրոնային ձևաչափով տեղադրվել են կայքում (http://narinemkrtumyan75.wix.com/3d-elektronayingrqer), որը ընթերցասերներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հեղինակի ամբողջ գրական գործունեությանը` և՛ նախկինում հրատարակված, և՛ դեռևս անտիպ ստեղծագործությունների 3D երաժշտական-անիմացիոն տարբերակներին:

04/05/2015

Հելլենական լեգենդներ

Հեղինակ՝ Նարինե Մկրտումյան
Տեղադրող՝ Նարինե Մկրտումյան

Ուսումնական նյութեր

Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները մշտնջենական գանձեր են, համամարդկային հարստություն: «Հելլենական լեգենդներ» ժողովածուում մեկտեղված են…

04/05/2015

Քառյակներ

Հեղինակ՝ Նարինե Մկրտումյան
Տեղադրող՝ Նարինե Մկրտումյան

Ուսումնական նյութեր > Գրականություն

Քառյակները` բանաստեղծական արվեստի յուրօրինակ փոքրիկ քերթվածքները, մշտապես գրավել են ինձ իրենց փիլիսոփայական խորիմաստությամբ, ձևի ու…

04/05/2015

Հանելուկներ

Հեղինակ՝ Նարինե Մկրտումյան
Տեղադրող՝ Նարինե Մկրտումյան

Ուսումնական նյութեր > Տարրական դպրոց

Հանելուկը բանահյուսական ժանր է, որը հետագայում տարածում է գտել գեղարվեստական գրականության մեջ: Հայ մատենագրության մեջ…

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 6692

Պաշարների քանակ՝ 8957

Վերջին գրանցված այցելու՝ Sara Mkrtchyan

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ "Մտածողության վեց գլխարկներ" մեթոդի կիրառման օրինակ

Վերջին պաշար՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ հանրապետական օլիմպիադայի մասնակիցների ՎԵՐՋՆԱԿԱՆ արդյունքները և ԴԻՊԼՈՄՆԵՐԸ